Հայկական թենիսի պատմություն

Հայկական թենիսի պատմություն

Թենիսը Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակներում ուներ որոշակի նվաճումներ՝ կառուցվել էին մարզական համալիրներ, իսկ մարզիկները խորհրդային առաջնություններում աչքի էին ընկնում զգալի ձեռքբերումներով։

 Մարզաձևի զարգացման հիմնադիրներից են Վերմիշևը, Սարգսյան և Ալիխանյան եղբայրները։ Երկրորդ աշխարհամարտից հետո ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել թենիսին, մասնավորապես դրան նպաստեց Երևանի Ֆիզիկական Կուլտուրայի Ինստիտուտի ստեղծումն ու այն, որ Սպորտային խաղերի ամբիոնում ուսուցանվում էր թենիսը՝ իբրև մասնագիտություն։ Ինստիտուտի հիմքերում կանգնած էր Բորիս Մելիքյանը, ով ավելի քան քառասուն տարի պատրաստել է թենիսի հայազգի լավագույն մանկավարժ-մարզիչներին ու բազմիցս հանդիսացել է մեր հավաքականների գլխավոր մարզիչ։ 1950-ականներին թենիսի զարգացման մեջ իրենց ջանքերն էին ներդնում այնպիսի վաստակավոր մարզիչներ ինչպիսիք են Աթանեսյան Թամարան, Ռոստոմյան Կոնստանտինը, Ռաֆայելյան Ռաֆեյլը, Մարգարյան Վիլենը, Ղուկասյան Սուրենը, Իսրայելյան Հրաչը և այլն։

 Այս ժամանակաշրջանում աչքի էին ընկնում հետևյալ շնորհալի թենիսիստները՝ Նորայր Առաքելյան՝ մինչև 18 տարեկանների հայ առաջին պատանեկան ԽՍՀՄ չեմպիոն, Ավետիս և Մանիկ Առաքելյանները(Նորայրի եղբայրը և քույրը), Էդուարդ Խանյան, Վանիկ Հունանյան, Ռուբեն Գզոյան, Ռազմիկ Պոդոսյան, Արմեն և Շուշան Դեդեկյաններ։ Ավելի ուշ՝ 1960-ականներից հայտնվեցին Սրապյան Հակոբը, Էդուարդ Ռոմյան, Գևորգյան Ժաննան, Թադևոսյան Ելենան, Ռոմյան Շահանդուխտը, Ջուլետա և Ժաննա Սարգսյանները, Պրուդնիկովա Ռոզան, Ծատուրյան Ալեքսանդրը, Աբովյան Լևոնը, Կարապետյան Հրանտը, Եդիգարյան Եդիգարը և Խաչատրյան Հարությունը։

 1970-ականների վերջերից զարգացման մի նոր շրջան սկսվեց, ինչի վառ ապացույցներն են կանանց հավաքականի՝ ԽՍՀՄ Գավաթի հաղթանակները, 1986-ին Թալինում և 1987-ին՝ Երևանում։ Այդ տարիներին մեր կանանց հավաքականի թենիսիստուհիներն էին Գիշյան Ելենան, Հովսեփյան Լարիսան, Խալաթյան Աիդան և Աղաջանյան Նաիրան, իսկ մարզիչներն էին՝ Մարգարյան Վիլիկն ու Կյուրեղյան Կարենը։ Այս թենիսիստուհիները գրանցում էին հաջողություններ նաև անհատական մրցաշարերում։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին հայկական թենիսի պատիվը բարձր էին պահում Վահե և Կարեն Ավետիսյանները, Գեղամ Մադանյանը, Դավիթ Բաբայանը, Անրի Մակիչյանը, Աննա և Կարինե Կյուրեղյանները, Առլետտա Ասատրյանը, Սոնա Սարինգուլյանը։

 1990 թվականին Կիևում անցկացվող «Ունիվերսիադա» ուսանողական խաղերին մեր հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ Սարգիս Սարգսյանը դարձավ չեմպիոն։ Այդ տարիներին աշխատում էին այնպիսի հաջողակ մարզիչներ, ինչպիսիք են Խաչատրյան Հարությունը (Սարգիս Սարգսյանի մարզիչ), Մարտին Պետրոսյանը, Կյուրեղյան Կարենը և այլն։ Առհասարակ Սարգիսը հանդիսանում է ամենամեծ հաջողությունների հասած հայ թենիսիստը՝ եղել է աշխարհի լավագույն 37-րդը և մշտապես հանդես է եկել հայկական դրոշի ներքո։

 Ցավոք մեծ ներդրումներ և նյութական միջոցներ պահանջող այս մարզաձևը հետխորհրդային շրջանում անկում էր ապրում։ Անկախացումից հետո 1992-1996թթ․ՀԹՖ նախագահն էր Աշոտ Սաֆարյանը (Արդյունաբերության նախկին նախագահ), որին հաջորդեց թենիսի շնորհալի մարզիչ և մեծ մասնագետ Հրաչ Իսրայելյանը, ով 1974 թվականին ստեղծեց Թենիսի Օլիմպիական Հերթափոխի Մասնագիտացված Մարզադպրոցը։ Հետաագայում հենց այդ մարզադպրոցի բազայի հիման վրա ստեղծվեց «Օրանժ Թենիս» ակումբը։ 2001 թվականից մինչ օր ՀԹՖ-ի նախագահն է Հարություն Փամբուկյանը, ով թենիսի զարգացման համար ստեղծեց Հայաստանի ամենամեծ թենիսի ակումբը «Օրանժ Թենիսը»։ Այս համալիրը լիովին համապատասխանում է միջազգային թենիսի պրոֆեսիոնալ չափանիշներին, ինչը թույլ է տալիս վերջին տարիների ընթացքում Հայաստանում անցկացնել պրոֆեսիոնալ մրցաշարեր։ Այդ տարիներին թենիսի զարգացման և Միջազգային Թենիսի Ֆեդերացիայում Հայաստանը ըստ արժանավույն ներկայացնելու գործում մեծ դեր ուներ, Հայաստանի ավելի քան քսանակի չեմպիոն, Սիրիայի Թենիսի Ֆեդերացիայի նախկին խորհրդական Ալեքսանդր Ծատուրյանը՝ 1986-2007թթ․ ՀԹՖ փոխնախագահ, 2007-ից ՀԹՖ գլխավոր քարտուղար։

 ՖԿՀՊԻ-ի անմիջական ղեկավարությամբ 1984 թվականից ի վեր Երևանում անցկացվում է սպորտի վաստակավոր գործիչ, ՖԿՀՊԻ-ի նախկին ռեկտոր Ա․ Ե․ Չարչօղլյանին նվիրված հուշամրցաշար, որը Խորհրդային տարիներին համարվել է համամիութենական մրցաշար։

 Իսկ 1998 թվականից անցկացվում է ֆուտբոլի և թենիսի ամբիոնի նախկին վարիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Բ․Ա․ Մելիքյանին նվիրված հուշամրցաշարը։

 Այս հուշամրցաշարերը հաստատված են ՀԹՖ-ի կողմից և մինչ օրս էլ անցկացվում են։

contact us

Copyright 2025. Design And Development by G DESIGN GROUP